ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Եղանակի ցրտելը որևէ կատակլիզմի հետ կապ չունի, և օդի ջերմաստիճանն այս օրերին ու ամառվա ընթացքում կայուն կլինի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին տեղումները կպահպանվեն, հյուսիսային կեսում դրանք կարող են լինել առատ: 12-ին միայն հարավային կեսում կպահպանվեն անձրևները, Արարատյան դաշտում անձրևի հավանականությունը փոքր է: 13-ին և 14-ին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում: Մեզ մնում է, որ այսօր ու առաջիկա երկու օրերին սպասենք ու դիմանանք, հնարավոր է՝ հետո կարոտենք անձրևներին»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ նշելով, որ հունիսի 14-ին ջերմաստիճանը կհասնի 33 աստիճանի:
Նրա խոսքով՝ ամռան բոլոր ամիսների միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային մոտ։
«Բոլորս գիտենք, որ ամռան ամենաշոգ ամիսները հուլիսն ու օգոստոսն են: Այս տարի կանխատեսվում է, որ այդ ամիսների միջին ջերմաստիճանը կտատանվի 26-27 աստիճանի սահմաններում»,- ասաց նա:
Զարուհի Պետրոսյանը նշեց, որ անհանգստանալ կարելի է այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը սովորականից բարձր է չորս կամ հինգ աստիճանով:
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց նաեւ, որ մեր երկրում ամռանը երբեւէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է Մեղրիում՝ 43,7, եւ Արարատյան դաշտավայրում՝ 42 աստիճան: