ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները ծրագրում են իրենց ամառային արձակուրդը, բժիշկները պատրաստվում ու զգուշացնում են դրանց հնարավոր բացասական հետևանքների, մասնավորապես` մաշկի չարորակ ուռուցքի` մելանոմայի մասին։
Ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը խոստովանում է, որ ինքն էլ ծովափնյա հանգստի և արևի սիրահար է, բայց փորձում է չափը չանցնել։ Արևի ճառագայթներն ամենավտանգավորն են ցերեկվա ժամը 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
«Պետք է պաշտպանվել բոլորիս հայտնի մեթոդներով`գլխարկ, հագուստ, ակնոց և, իհարկե, հակաճառագայթային քսուքներ, որոնք մաշկը պաշտպանում են արևից»,- ասում է ուռուցքաբանը։
Աշխարհում վերջին տարիներին մելանոմայի կտրուկ աճ է արձանագրվել, հատկապես` սպիտակամաշկ բնակչություն ունեցող երկրներում։ Որոշ մասնագետներ դա կապում են նորաձևության մեջ արմատներ գցած սոլյարիի կամ արհեստական արևայրուքի հետ։
«Դա մոդայիկ երևույթ է արդեն նաև մեր երկրի համար։ Բայց կան ուսումնասիրություններ, որ արտասահմանում, որտեղ սոլյարին ավելի տարածված է, անհամեմատ ավելի շատացել են մելանոմայի դեպքերը։ Դա ուլտրամանուշակագույն ճառագայթ է, որը նպաստում է անգամ հասարակ խալի չարորակ դառնալուն»,- ասաց Մաշկավեներաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Բաբայանը։
Հայաստանում մելանոմայի տարեկան 50 դեպք է գրանցվում։ Այս ցուցանիշը կայուն է վերջին 5 տարվա ընթացքում։
Այդուհանդերձ, բժիշկները կարևորում են դրա կանխարգելումը։ Այդ նպատակով հունիսի 9-11-ը հայտարարվել են Մելանոմայի վաղ ախտորոշման ու կանխարգելման օրեր, որոնց շրջանակում բոլոր նրանց, ովքեր իրենց մաշկի վրա կասկածելի նորագոյացություններ են նկատել, ուռուցքաբանները հրավիրում են անվճար հետազոտության։