ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Մոնրեալում անցկացված թուրքական ֆիլմերի փառատոնում լավագույնն է ճանաչվել համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու հիշողությունները» ֆիլմը` նվիրված Հայոց ցեղասպանության թեմային, հաղորդում է Akunq.net-ը` հղում անելով "Evrensel" օրաթերթին:
Օզջան Ալպերը փառատոնի ժամանակ ասել է. «Եթե այս աշխարհում, երբ գրեթե բոլորը անտուն և անտեր են մնացել, աքսորյալ ու գաղթական դարձել, հանդիսատեսը դեռ կարողանում է «Քամու հիշողությունների» հերոսներից Արամի հետ միասին անցյալին նայել, թերևս ամեն բան կորած չէ: Քանզի Թուրքիայի տարածքում և Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառներից մեկն էլ այն է, որ բավարար չափով չենք կարողացել առերեսվել անցյալ դարերում կատարված դեպքերի հետ և որպես մարդկություն` բավականաչափ դասեր չենք քաղել դրանցից»,- նշել է ռեժիսորը:
Նա մաղթել է, որ այլևս ոչ թե աքսորների, ցեղասպանությունների, այլ մարդկության ապրած գեղեցիկ օրերի մասին ֆիլմեր ստեղծվեն:
«Քամու հիշողությունները» ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր կյանքը փրկելու համար քաղաքական պատճառներով Ստամբուլից փախած նկարիչ ու թարգմանիչ Արամ Դեմիրճյանի մասին: Կինոնկարը, որի դեպքերը տեղի են ունենում 1943թ., Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքների մասին բանաստեղծական խորհրդածություն է: