Ներկայացնում ենք այս թեմայով հարցազրույց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ, ով նախկինում հանդես է եկել իրանական «Տրակտոր Սազի» ակումբում: Հարցազրույցը վարել է Armsport.am-ը։
- Տեղյա՞կ եք, որ Վարազդատ Հարոյանի` «Տրակտոր Սազի» տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունից ժամեր անց ակումբը որոշել է այն խզել:
— Այո, այդ ակումբի մամուլի քարտուղարն, ով ինձ հետ կապ է պահպանում, առավոտյան զանգահարեց և ասաց, որ երկրպագուները լավ չեն ընդունել Հարոյանի տեղափոխության մասին լուրը: Ակումբի նախագահը չի դիմացել ճնշմանը: Դրանից հետո արդեն սպասելի էր, որ պայմանագրից հրաժարվելու որոշում կկայացվի, որովհետև այնտեղ լրիվ այլ մշակույթ է: Եթե երկրպագուները ցանկանան, կարող են ակումբի նախագահին կամ մարզչին հանել իրենց զբաղեցրած պաշտոններից:
- Դուք 2008/09 մրցաշրջանում հանդես եք եկել այդ ակումբում: Ձե՞զ ինչպես էին վերաբերվում:
— Իմ խաղալու ժամանակ նման բան չկար: Ինձ այնտեղ շատ լավ ընդունեցին: Բոլորն էլ գիտեին, որ հայ եմ: Նույնիսկ, երբ դրանից հետո այլ թիմերի կազմում արտագնա հանդիպման էի գնում Թավրիզ, տեղի երկրպագուներն ինձ միշտ լավ էին վերաբերվում: «Տրակտոր Սազին» ժողովրդական թիմ է: Իրանում հավանաբար 2-րդ կամ 3-րդ ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբն է:
- Այդ դեպքում ո՞րն է վերաբեմունքի նման կտրուկ փոփոխության պատճառը:
— Հավանաբար Արցախում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները: Քաղաքական պահ է: Լարվածություն միշտ եղել է: Դեպքեր են եղել, երբ հայ համայնքին են ճնշել, սակայն Թեհրանից թույլ չեն տվել, որ կոնֆլիկտը խորանա:
- Նման պարագայում ինչպե՞ս էիք հարմարվում այնտեղ բնակվելուն:
— Իմ հետ որևէ խնդիր չի եղել: Չնայած նշեմ, որ պարսկերենից բացի` իրենց սեփական լեզուն ու ավանդույթներն ունեն:
- Այդ ամենը հաշվի առնելով, ըստ Ձեզ, «Տրակտոր Սազին» ինչո՞ւ էր ուզում պայմանագիր կնքել Հարոյանի հետ:
— Նրանց մարզիչն ու ակումբի ղեկավարությունը որոշ ժամանակ հետևել են Վարազդատի խաղին: Գտել են, որ նա անպայման օգուտ կտա թիմին: Հավանաբար, երկրպագուների կողմից նման արձագանք չեն սպասել: Ափսոս, որովհետև «Տրակտոր Սազին» շատ լավ թիմ է: Հաճախ հանդես է գալիս Ասիայի Չեմպիոնների լիգայում: Հարոյանը հնարավորություն կունենար ուժեղ առաջնությունում խաղալ, ինչպես նաև լավ ֆինանսական պայմաններ ապահովել: Հետագայում կարող էր ավելի լավ թիմ տեղափոխվել:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» 24-ամյա ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը «Տրակտոր Սազիի» հետ պայմանագրի խզումից հետո պայմանագիր է կնքել մեկ այլ իրանական ակումբի` «Փադիդեի» հետ: «Փադիդեն» Իրանի ավարտված առաջնությունում ընդհանուր վաստակած 39 միավորով զբաղեցրել է աղյուսակի 10-րդ հորիզոնականը: