ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում հունիսի 6-ին «Լրագրության նոր դարաշրջան. հրաժեշտ մեյնսթրիմին» միջազգային մեդիաֆորումի շրջանակում, որը կազմակերպել էր «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը։ Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, Al Mayadeen TV տնօրենների խորհրդի նախագահ Հասան Բեն Ջեդոուն և SANA-ի գլխավոր տնօրեն Ահմադ Դավան։
Սրանք Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի առաջին համաձայնագրերն են Սիրիայի և Լիբանանի ԶԼՄ-ների հետ։ Կողմերը մտադիր են տեղեկատվության փոխանակման համատեղ միջոցառումներ անցկացնել և աշխատել երկու երկրների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
«Մենք մեր գործընկերներին միշտ ընտրում ենք լրագրության մակարդակից և որակից ելնելով։ Համոզված եմ, որ մենք ակտիվորեն կգործակցենք արաբական երկրների մեր գործընկերների հետ և կզարգացնենք մեր պրոֆեսիոնալ համագործակցությունը», — համաձայնագրի ստորագրումը մեկնաբանել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
«Մեզ համար շատ կարևոր է համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Sputnik-ի հետ, և սա հատկապես կարևոր է աշխարհաքաղաքական ներկայիս բարդ պայմաններում։ Հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք մեր ներդրումն ունենալ բոլոր հակամարտությունների կարգավորման հարցում», — ընդգծել է SANA ընկերության գլխավոր տնօրեն Ահմադ Դավան։
«Sputnik-ի և Al Mayadeen TV-ի միջև կնքած համաձայնագիրն առաջին քայլն է, որը մենք համոզված անում ենք երկարատև հեռանկարի համար` նպատակ ունենալով լրատվական դաշտում խորացնել պրոֆեսիոնալ համագործակցությունը», — նշել է Al Mayadeen TV տնօրենների խորհրդի նախագահ Հասան Բեն Ջեդոուն։
Al Mayadeen TV-ն արաբական տեղեկատվական հոլդինգ է, որում ընդգրկված են արաբերեն և իսպաներեն լեզուներով հեռարձակվող հեռուստաալիքներ, վավերագրական կինոյի ստուդիաներ, ինչպես նաև` լրատվական գործակալություն։ Հոլդինգի կենտրոնակայանը գտնվում է Բեյրութում։
SANA-ն սիրիական պետական լրատվական գործակալություն է։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Գործակալությունը գրասենյակներ ունի Սիրիայի 14 շրջանում, ինչպես նաև` Բեյրութում, Փարիզում, Մոսկվայում, Ամանում, Թեհրանում, Քուվեյթում, Կահիրեում, Տրիպոլիում, Հռոմում և Անկարայում։ Գործակալության ավելի քան 43 թղթակից աշխատում է արաբական և եվրոպական մյուս երկրներում։ Գործակալությունն ամեն օր ավելի քան 500 նորություն է թողարկում արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով։ Կենտրոնակայանը գտնվում է Դամասկոսում։
Sputnik-ը լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: