ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի- Sputnik. Նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը մեկնաբանեց լրագրողներին իր նշանակումը` նշելով, որ նոր պաշտոնն իր համար անակնկալ չէր։
«Ես բավական լավ գիտեմ Քուվեյթը, մի քանի անգամ եղել եմ այնտեղ։ Դա մեզ բարեկամ երկիր է, որի հետ մենք սերտ կապեր ունենք։ Ամենայն հավանականությամբ` նախորդ դեսպանը բավական երկար է աշխատել Քուվեյթում»,- ասաց Բադեյանը։
Նա նշեց, որ վերջին տարվա ընթացքում Քուվեյթի ղեկավարության հետ անցկացրել է տարբեր հանդիպումներ։ Բադեյանի խոսքով` բոլորովին վերջերս երկիր է այցելել Քուվեյթի արդարադատության նախարարը։
Բադեյանն իր առաքելությունը տեսնում է գործարար կապերի ամրապնդման, բոլոր ոլորտներում համագործակցության խորացման մեջ, այդ թվում` քաղաքական, տնտեսական և մշակութային։ Քուվեյթում բնակվում է շուրջ 6000 հայ, գործում է եկեղեցի և դպրոց։