ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում մի կին ծննդաբերել է և նորածին աղջիկ երեխային բուժքրոջ միջոցով վաճառել է մեկ այլ կնոջ, հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Դեպքի առիթով մայիսի 28-ին որոշակի օպերատիվ հետախուզական աշխատանքից հետո երեխայի մայրը` Ալլան, կատարվածի վերաբերյալ Աշտարակի բաժնում բացատրություն է տվել, իսկ բուժքույրը` 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանը, բերման է ենթարկվել։
Ըստ հաղորդման` ստացված տվյալը լիովին համընկնում էր ՔՕ 168 հոդվածի հետ` խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը։
Ոստիկանությունը ներկայացրել է դեպքի մանրամասները։
Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ալլան արտամուսնական կապ է ունենում և հղիանում։ Չցանկանալով ծննդաբերել` դիմում է ԲԿ-ի ծննդատուն, որպեսզի ընդհատի հղիությունը, սակայն բժիշկներն ասում են, որ 4 ամսական հղիությունն ընդհատելը վտանգավոր է։ Ալլան հեռանում է և այլևս չի դիմում ծննդատուն։ Մայիսին բժիշկները նկատում են, որ կինն արդեն պետք է ծննդաբերեր, բայց ոչ մի լուր չկա, այս մասին իմանում են նաև ոստիկանները։
Ալլան ասում է, որ ծննդաբերել է ուրիշ ծննդատանը։ Հետախույզները ճշտում են, որ նման բան չի եղել։ Երկրորդ հարցման ի պատասխան` նա ասում է, որ ծննդաբերել է դաշտում, երեխան էլ մահացած է ծնվել, թողել է դաշտում և հեռացել։
Իրականությունը պարզել են քրեական հետախույզները։
Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Քրիստինեն երկար տարիներ բուժման կուրսեր էր անցել նույն ԲԿ-ում, տարբեր միջոցներ են կիրառվել, բայց նա այդպես էլ չի հղիացել։ Տարիների ընթացքում նրա և բուժքրոջ միջև ամուր կապեր են ստեղծվել, և Քրիստինեն դիմել էր նրան` խնդրելով աջակցել, որպեսզի երեխա որդեգրի։ Երբ ծննդատուն է դիմում Ալլան, բուժքույրը որոշում է օգտագործել հարմար առիթը։ Մայրությունն օրինական դարձնելու նպատակով գործի է դրվում մի հնարանք։ Բուժքրոջ խորհրդով Քրիստինեի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ալլան կրկին դիմում է ծննդատուն, բայց Քրիստինեի փաստաթղթերով։ Մեխանիզմն աշխատում է անխափան։
Ապրիլի 9-ին Ալլան ծննդաբերում է, իսկ փաստաթղթերով որպես մայր է գրանցվում Քրիստինեն։ Մայիսի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվում Քրիստինեն, ով խոստովանում է, որ այս գործարքի համար 3000 ԱՄՆ դոլար է վճարել երեխայի ֆիզիոլոգիական մորը, իսկ 2000 դոլար` բուժքրոջը։
Ոստիկանությունի նշել են, որ նման նուրբ հարցերը պետք է լուծել միայն օրինական ճանապարհով, իսկ դրա հնարավորությունը կար, դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր։