ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի-Sputnik. Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը` հայկական պլանշետների և սմաթֆոնների առաջին արտադրողը, այսօրվանից գործարկում է ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելների վաճառքը։
Գնորդներին կներկայացվի հինգ տարբեր մոդել, որոնք համապատասխանում են ժամանակակից միտումներին և տարբերվում են յուրահատուկություններով։ Արտադրողները համոզված են, որ իրենց սմարթֆոնը դուր կգա նույնիսկ ամենաքմահաճ գնորդին։
«Ղեկավարվելով «Եկել է հայկական արտադրանքի ժամանակը» կարգախոսով` մենք ներկայացնում ենք առաջին հայկական հեռախոսները, որոնք ոչ միայն իրենց դիզայնով և մատչելիությամբ, այլև որակյալ իրականացմամբ կարող են բավարարել ամենաքմահաճ սպառողի պահանջները»,- հաղորդել են ընկերությունից։
Արտադրողները նշում են, որ հայկական սմարթֆոնները, ստեղծված հարուստ ինժեներական փորձ ունեցող տեղի մասնագետների կողմից, ոչնչով չեն զիջում առաջատար համաշխարհային ապրանքանիշերի մոդելներին։
«Ավելին` սպառողներին կզարմացնի ArmPhone-ում անվանի հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների առկայությունը ժամանակակից ռինգտոների տեսքով»,- նշել են ընկերությունից։
Ավելի վաղ TSD-ը թողարկել էր ArmTab TSD Wide A1004T առաջին հայկական պլանշետը։