ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի- Sputnik. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի է դրսևորել իրեն խաղաշրջանի ընթացքում և kicker-ի վարկածով ճանաչվել է Բունդեսլիգայի` տարվա խաղացող:
Bild-ի տեղեկություններով՝ Մխիթարյանը դիտարկում է «Բորուսիայի» հետ պայմանագիրը չերկարացնելու տարբերակը, որը լրանում է 2017թ.-ին:
«Այդ դեպքում «Բորուսիան» ստիպված կլինի վաճառել նրան այս ամառ, որպեսզի լավ գումար վաստակի իր առաջատարի համար, այլ ոչ թե խորհրդանշական հրաժարադրամով կամ անվճար կորցնի»,- գրում է football.ua-ն:
Եթե Մխիթարյանը չերկարացնի պայմանագիրը, շատ ակումբներ շահագրգռված կլինեն նրան ձեռք բերելու մեջ, հաղորդում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
«Յուվենտուսից» բացի, որն արդեն վաղուց է հետաքրքրվում հայ ֆուտբոլիստով և նրան առաջարկել է 4 մլն եվրո աշխատավարձ խաղաշրջանի համար, կան նաև պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ:
Հաղորդվում է, որ «Արսենալն» առաջարկել է ավելի գրավիչ պայմաններ, քան «Յուվենտուսը»: Բացի այդ` տրանսֆերի մասին սկսել են տեղեկատվություն հավաքել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: Ավելի վաղ հաղորդվել էր նաև «Չելսիի» հետաքրքրության մասին:
Ավարտված խաղաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դարձել է 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: