ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործի նախարարությունը խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը։
Նա, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում»:
Բալայանը հիշեցրել է, որ վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:
«Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»,- հայտարարել է Բալայանը: