ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հալեպի Նոր գյուղ թաղամասի վրա հինգշաբթի օրը զինյալ ահաբեկիչների արձակած հրթիռների հետևանքով 4 հայ է զոհվել, հայտնում է arevelk-ը։
Ըստ հաղորդման` Նոր գյուղ թաղամասի վրա արձակվել է ավելի քան 30 հրթիռ, որոնցից մեկն ընկել է «Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում, ինչի հետևանքով հրկիզվել է հայ արհեստավորներից մեկի արհեստանոցը։ Զոհվել է 3 հայ, որոնց մարմինները տեղափոխվել են հիվանդանոց։
Քիչ անց մահացել է նաև Նոր Գյուղում վիրավորված մեկ այլ հայորդի։
Նրանց անուններն են` Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։ Նշվում է, որ Վազգեն Ճապաղջուրյանը Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամ էր, նա 1960 —ականներին հանդես է եկել ՀՄԸՄ-ի Հալեպի ֆուտբոլի թիմում։
Նման միջադեպերը վերջին շրջանում Հալեպի հայաբնակ թաղամասերում ավելի հաճախակի են դարձել։
Հրթիռներ են ընկել նաև Սուլեյման Հալեբի, Շեյխ Մաքսուդ, Ջաբրիե շրջաններում: