ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Նախօրեին Թբիլիսիում մեկնարկած ռոք փառատոնն ընդհատվեց հարևանությամբ գտնվող եկեղեցու հոգևորականների բողոքից հետո, հայտնել է փառատոնի կազմակերպիչներից մեկը։
Նախօրեին համերգի ժամանակ ելույթ ունեցան մի քանի ռոք խմբեր, իսկ երբ հերթը հասավ ուկրաինական Jinjer խմբին, համերգի վայր եկան մի խումբ մարդիկ` պնդելով, որ համերգը պետք է դադարեցնել։ Պարզվեց, որ հնչած բարձր երաժշտությունը դուր չէր եկել մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող եկեղեցու սպասավորներին:
Չնայած կազմակերպիչներն ունեին համերգը տվյալ վայրում անցկացնելու իրավունքները ներկայացնող բոլոր փաստաթղթերը` փառատոնն, այնուամենայնիվ, դադարեցվեց, քանի որ անջատվեց էլեկտրականությունը:
Այս պահին համերգի կազմակերպիչները փորձում են համերգն անցկացնելու ավելի հարմար վայր գտնել:
Նշենք, որ երկօրյա փառատոնին մասնակցում են խմբեր Հայաստանից, Շվեդիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Ադրբեջանից։