ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. «Օկեան Էլզի» ռոք խմբի մասնակիցները լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին, որ անհամբերությամբ են սպասում Երևանում կայանալիք համերգին։
«Լվովում հայկական սփյուռքը շատ ուժեղ է, ես շատ հայ ընկերներ ունեմ Լվովում և Կիևում։ Եվ ընդհանրապես, Լվովում իմ սիրելի փողոցը կոչվում է Արմյանսկայա»,- ասաց Վակարչուկը։
Երգիչը պատասխանեց նաև այն հարցին, թե այսօրվա համերգի ընթացքում արդյոք կերգի իր սիրելի հայկական ստեղծագործությունը` «Դլե յամանը»։
««Դլե յամանն» այն երգը չէ, որը պետք է կատարել հենց այնպես` տեղի հանդիսատեսին զարմացնելու համար։ Դա լուրջ ստեղծագործություն է։ Այդ երգը պետք է կատարել ներսից, զգալ այնպես, ինչպես զգում են հայերը»,- ասաց նա։
«Օկեան Էլզի» ռոք խմբի մասնակիցները հասցրել են լինել Էջմիածնում ու հիանալ Մայր տաճարով։
Ուկրաինական խումբը Երևան է ժամանել մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա խմբի համերգը։