ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կարող է Եվրամիության հետ կապերը խզելու առիթ դարձնել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:
«Թուրքիայի առաջնորդն ամիսներ շարունակ ջանք չխնայեց, որ Բեռլինի նկատմամբ խիստ լինի»,- գրում է թերթը՝ նշելով, որ Թուրքիայում իր ավտորիտար իշխանությունն ամրապնդելու համար Էրդողանն անտեսում է եվրոպական երկրների հասարակայնության կարծիքը:
«Ձգտելով պայքարի մեջ մտնել Եվրամիության հետ՝ սպառնում է դադարեցնել փախստականների վերաբերյալ համաձայնագիրը»,- գրում է Le Figaro-ն:
Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը:
Բունդեսթագի բանաձևի ընդունմանը հաջորդեց այն, որ Թուրքիան հետ կանչեց Գերմանիայում առաքելություն իրականացնող իր դեսպանին:
Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, որ գերմանական խորհրդարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա: