ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը:
Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:
«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեթագն այսօր` հունիսի 2-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում է ընդունել։