ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև հաշմանդամ դարձած անձանց համար: Այս մասին այսօր հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում, 1994թ.-ից հետո առաջին անգամ ձևավորվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի և մասնակցեցին ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին: Կամավորները, կամավորականի զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից:
«Որոշմամբ սահմանվում է, որ 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքներից հաշմանդամ դարձած անձանց, իսկ զոհվելու դեպքում` նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է զինծառայողի համար սահմանված կարգով»,- ասաց Ասատրյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը՝ նախատեսվում է, որ զոհված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զոհված զինծառայողի ընտանիքի անդամի համար սահմանված կարգով, իսկ հաշմանդամ դարձած կամավորականը՝ պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար սահմանված կարգով։
«Այսպիսով կարգավորվում է նաև մահվան և հաշմանդամության պատճառական կապը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը տրամադրելուն առնչվող հարաբերությունները: Արդյունքում՝ կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած անձանց սոցիալական երաշխիքները կհավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին»,-ասաց նա։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվում է ապահովագրական գումար (միանվագ)՝ 2 մլն դրամ, հուղարկավորության ծախսերի փոխհատուցում (միանվագ)՝ 700 հազար դրամ, գերեզմանների բարեկարգման համար (միանվագ)՝ 1 մլն 400 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (սպայական անձնակազմի զինծառայողների համար՝ միջինը 43 հազար դրամ, ենթասպայական կազմի զինծառայողների համար՝ միջինը 35 հազար, շարքային կազմի զինծառայողների (պարտադիր ժամկետային զինծառայողների) համար՝ 24 հազար դրամ:
Նախարարն այս պահին չկարողացավ հստակ թիվ ասել, թե քառօրյա պատերազմի ժամանակ վիրավոր զինծառայողներից քանիսն են հաշմանդամության կարգ ստացել։
Նրա խոսքով` հաշմանդամ ճանաչելու գործընթացը որոշակի ընթացակարգեր է ենթադրում։
«Պատճառական կապը սահմանելու համար առաջին հերթին պիտի լինեն ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից եզրակացությունները։ Բայց ուզում եմ հստակ նշել, որ անկախ այդ հանգամանքից, որ ֆորմալ առումով դեռևս հաշմանդամություն սահմանված չէ, այն բոլոր սոցիալական երաշխիքները, որ գործում են օրենսդրությամբ, այսօր մեր քաղաքացիներին տրամադրվում են։
Արտեմ Ասատրյանը հատուկ ընդգծեց` չնայած հաշմանդամության խումբը վերջնականապես սահմանված չէ, այնուամենայնիվ պրոթեզավորման վերաբերյալ նախընթաց աշխատանքներն արդեն իսկ տարվում են։