ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Անաստասիա Վոլոչկովան խոստովանել է, որ սիրով կմասնակցեր «Եվրատեսիլ 2017» մրցույթին։ Այս մասին հայտնում է Sobesednik.ru-ն
Բալետի պարուհին ցույց է տվել իր տան ամենակարևոր սենյակներից մեկը` մարզասրահը` նշելով, որ այդ վայրը «Անաստասիա Վոլոչկովայի Մեծ թատրոն» է անվանում։
«Ես այստեղ մարզվում եմ, յուրաքանչյուր փորձը տևում է շուրջ 3 ժամ։ Գիտե՞ք` ես այնքան սիրահարված եմ իմ տանն ու այստեղ տիրող մթնոլորտին, որ ուրիշ ոչ մի տեղ մեկնելու ցանկություն չունեմ»,- ասել է Վոլոչկովան։
Բալետի պարուհին ասել է, որ դեմ չէ առաջադրել իր թեկնածությունը` հաջորդ Եվրատեսիլին մասնակցելու համար։
«Կարծում եք` Եվրոպան կարող է «ոչ» ասե՞լ իմ «շպագատին»։ Երբեք։ Իմ «շպագատն» իմ հպարտությունն է։ Ժյուրիի ոչ մի անդամ չի կարող չգնահատել դա։ Ես այս տարի այնքան էի անհանգստանում Սերգեյ Լազարևի համար, որ որոշեցի անձամբ մեկնել մրցույթին։ Իհարկե, ես ավելի ներդաշնակ կդիտվեի ոչ թե երգչուհու, այլ մասնակցին աջակցողի դերում` ինչպես Եվգենի Պլյուշչենկոն Դիմա Բիլանի համար։ Ես կողմ եմ, որ յուրաքանչյուր գործ, որով զբաղվում եմ, վերածվի իրադարձության»,- ասել է Վոլոչկովան։
«Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվեց «Միավորվենք» (Come together) կարգախոսով։ Այս տարի մրցույթին մասնակցեց 42 երկիր, ինչը ռեկորդային թիվ էր։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ներկայացավ LoveWave երգով և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան։