ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում հազարավոր ամերիկացիներ պահանջում են պատժել երեխայի ծնողներին, որոնց մեղքով սպանել են կենդանաբանական այգում բնակվող գորիլային։
Ավելի քան 14.000 մարդ ստորագրել է խնդրագիրը, որը պահանջում է պատժել այն երեխայի ծնողներին, որն ընկել էր գորիլայի վանդակը, ինչի պատճառով ամերիկյան Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել սպանել կենդանուն:
«Մենք ուզում ենք, որ այդ ծնողներին պատասխանատվության ենթարկեն՝ վերահսկողության բացակայության և անփութության համար, որը հանգեցրել է Հարամբեի մահվանը: Մենք ակտիվորեն կոչ ենք անում ուսումնասիրել երեխայի ընտանեկան կարգավիճակը, որպեսզի պաշտպանենք նրա եղբայրներին կամ քույրերին հետագա միջադեպերից, որոնք կապված են ծնողների անփութության հետ»,- ասվում է խնդրագրում, որը հրապարակվել է www.change.org. կայքում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել սպանել Հարամբե անունով գորիլային, երբ 3-ամյա երեխան հայտնվել է կենդանու տարածքում:
Ականատեսների խոսքով` կենդանին ճչացող երեխային մի քանի մետր քարշ է տվել, ու աշխատակիցները սպանել են գորիլային երեխայի ընկնելուց 10 րոպե անց: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտաբար նա կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել: