ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. «Սուպերմենների» ժամանակաշրջանն անցել է, լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին նախարար և հիմնադիր Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալուն:
Բաբայանը 1992 թվականից համակարգում էր Ղարաբաղի պաշտպանական շրջանների ռազմական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողությունների մշակմանը։ 1994 թվականի մայիսի 11-ին նա Ղարաբաղի անունից հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։
«Վերադարձել է, լավ է արել: Ես չեմ կարծում, որ այս ժամանակները սուպերմենների կարիք ունի, սուպերմենների ժամանակաշրջանն անցել է»,- ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը ժողովրդի միասնական կեցվածքի ապացույցն էր, որն ի չիք է դարձնում բոլոր հուսահատական արտահայտությունները և ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցը շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը:
«Ցույց է տալիս նաև մեր վճռականությունը, որ այս հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել»,- ասաց Մարգարյանը:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կասկած էր հայտնել, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանը կարող է տեղ զբաղեցնել բանակի ղեկավարության շարքում:
Բաբայանը 2000 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։ Շուշիի բանտում 4.5 տարի անցկացնելուց հետո 2004 թվականին նրան ներում էր շնորհվել, և Բաբայանն ազատ էր արձակվել։ Նա տեղափոխվել էր Երևան և քաղաքականությամբ էր զբաղվում։
2005 թվականին հիմնեց «Դաշինք» կուսակցությունը, սակայն այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ։ 2010 թվականին Բաբայանը հեռացավ Հայաստանից։