ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. 1918 թվականի մայիսի 28-ին Առաջին հանրապետության ստեղծումը փրկեց հայ ժողովրդին, Sputnik Արմենիային ասաց Հայ Դատի գրասենյակի և Դաշնակցություն կուսակցության քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Անդրկովկասի Սեյմի փլուզումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո 1918 թվականի մայիսի 26-ին, ՀՅԴ շրջանային միությունը Թիֆլիսի Հայ ազգային խորհրդին փոխանցեց կառավարության լիազորությունները:
«Այս տոնը հայկական հողում պետականության վերականգնման օրն է, որը կորցրել էինք հազարամյակի ընթացքում: Առանց մայիսի 28-ի սեպտեմբերի 21-ը (երրորդ հանրապետության անկախության օրը) այդպիսի նշանակություն չէր ունենա: Սեպտեմբերի 21-ն անկախության օր է, իսկ մայիսի 28-ը` Հանրապետության օրը», — ասաց Մանոյանը:
Նրա խոսքով` Առաջին հանրապետության ստեղծումը փրկեց հայ ժողովրդին Ցեղասպանությունից, որը սկսվել էր 1915 թվականին ու շարունակվեց մինչև 1923 թվականը:
«Նման պայմաններում պետություն ստեղծելն իսկական ձեռքբերում էր, ինչը փրկեց մեր ժողովրդին», — նշեց Մանոյանը:
Նրա խոսքով` Առաջին հանրապետությունը շատ դասեր տվեց, որոնք պետք է սերտեն այսօրվա սերունդն ու ներկայիս իշխանությունը: Առաջին հերթին՝ միասնության գաղափարը, որը պետք է արմատներ գցի հասարակության մեջ:
Մանոյանը կարծում է, որ Առաջին հանրապետության առաջնորդների վարքագիծը պետք է օրինակ դառնա այսօրվա պաշտոնյաների համար:
«Պաշտոնատար անձինք երկիրը չպետք է դիտարկեն որպես հարստանալու միջոց, այլ պետք է ժողովրդի բարօրության ձգտեն: Պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության հարցում պաշտոնյաներն ու հասարակ ժողովուրդը պետք է հավասար լինեն», — ասաց Մանոյանը:
Նրա կարծիքով` ժողովրդական ոգին, որը թույլ է տալիս մի շարք խնդիրներ հաղթահարել, դրսևորվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, թեև այդ օրերն այնքան ծանր չէին, ինչպես 1918 թվականի մայիսը:
Նա կոչ արեց իշխանությանը հարգել ժողովրդին և հնազանդվել ժողովրդի կամքին, որը միայն արդարություն է պահանջում երկրի բոլոր քաղաքացիների նկատմամբ:
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը:
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ.քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:
1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: