ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի- Sputnik. Երևանում մայիսի 27-28-ը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցությունը` կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ, հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:
Խորհրդակցության մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրներում թմրանյութերի օգտագործման հետ կապված իրավիճակը, թմրամոլությամբ հիվանդների բուժման պրոֆիլակտիկայի և վերականգնման խնդիրները, այդ թվում՝ հոգեմետ նյութերի նոր տեսակների չարաշահումը, ինչպես նաև իրավապահ մարմինների և ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցավորության վարչության հետ համագործակցությունը:
«Տեղի կունենա առաջատար փորձի փոխանակում նարկոլոգիայի ոլորտում, կքննարկվեն իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի գործունեության արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում:
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2015 թվականի սեպտեմբերից։