ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման ժամանակ։
Բելոզյորովը ՀՀ նախագահին զեկուցել է իր պաշտոնավարման ոչ այնքան երկար ժամանակահատվածում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի, երկաթուղիների կառավարման արդյունավետության բարձրացման գործում արձանագրված ցուցանիշների, ինչպես նաև դեռևս առկա խնդիրների ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրների լուծման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:
Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Օլեգ Բելոզյորովին՝ նախանշված ծրագրերի իրականացման գործում: