ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի շուկաներում թուրքական լոլիկներ չի հայտնաբերել, լրագրողներին ասաց գերատեսչության նախարար Սերգո Կարապետյանը։
«Հաճախ ասում են, որ արտերկրից, մասնավորապես Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվում Հայաստան, սակայն այսօր նման խնդիր չկա։ Վերջին տասը օրվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք շուկաներն և թուրքական լոլիկ չենք հայտնաբարել», — ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` 2016 թվականին Հայաստան ներկրվել է 190 տոննա լոլիկ, որի մի մասը Վրաստանի տարածքով Թուրքիայից է եղել, սակայն լոլիկների վերջին խմբաքանակը երկիր է ներկրվել մարտի կեսերին։ Վերջին երկու ամսում լոլիկ չի ներկրվել Հայաստան։
«Այսօր մեր ջերմոցային տնտեսությունները արտադրելու, սեզոնային պահանջարկ ապահովելու, ինչպես նաև մեծ ծավալներով արտահանելու հնարավորություն են տալիս», — ասաց Կարապետյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ լոլիկի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել էին կեղծ հայկականով ու փորձել էին տեղափոխել ՌԴ։ Ռուսական կողմը «Վերին Լարս» հսկիչ անցակետում հայտնաբերել էր խաբեությունը։ Ավելին`թուրքական լոլիկներում թունաքիմիկատներ էին հայտնաբերվել։
Որոշ տվյալների համաձայն` լոլիկները հետ են բերվել Հայաստան և իրացվել հայկական շուկայում։