ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Առաջնային գծի որոշ հատվածներում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից», — գրված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։