ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ խաղաշրջան կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է Daily Express-ը։
Ըստ հրապարակման` Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին» ստիպված կլինեն մեկ մրցաշրջան սպասել Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:
Այսպիսով` Մխիթարյանը հաջորդ տարի կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Չելսին» պատրաստ էր Մխիթարյանի համար վճարել 46 մլն ֆունտ ստերլինգ:
Դորտմունդցիների նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թիմից հեռանալու է երկու առանցքային ֆուտբոլիստ՝ Մատս Հումելսը ու Իլկա Գյունդողանը: «Բորուսիայի» ավագը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա», իսկ Գյունդողանը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը կատարել է 32 գոլային փոխանցում և խփել 23 գոլ: