ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Այս տարի «Էպոսյան օրեր» փառատոնի ծրագրի համալիր միջոցառումների շրջանակում կանցկացվեն էպոսասացության և «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին, հայտնում են մշակույթի նախարարությունից:
Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 4-5-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը՝ սեպտեմբերի 21-ին Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում կկայանա նաև թեմատիկ գիտաժողով, որը կհամախմբի հանրապետության գիտական ներուժը: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակը՝ գիտաժողովը կանցկացվի «Հայ ժողովրդական էպոսը և նրա ազդեցությունը անկախության կերտման և նոր հասարակության ձևավորման գործում» խորագրի ներքո:
Փառատոնի ծրագրի մաս կկազմեն նաև «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք կանցկացվեն ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում՝ հանրապետության ճանաչված բանագետների և ազգագրագետների մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակում Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա գեղարվեստի դպրոցների սաների և անհատ ստեղծագործողների մրցույթ՝ էպոսյան թեմաներով:
Փառատոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:
«Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակությանն ու հայրենասիրական կրթությանը:
«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: