ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց թուրքերի ցեղասպանությանը զոհ դարձած հույներին:
«Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները հիշում են իրենց հայրենակիցներին, որոնք 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից ցեղասպանության են ենթարկվել Սմիրնա քաղաքում և Պոնտոսի սևծովյան ափին»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ Ազգային ժողովն անցյալ տարի հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է հույների և ասորիների դեմ իրագործված ցեղասպանությունը:
«Ի նշան հույն ժողովրդի և հույն գործընկերների հետ համերաշխության՝ առաջարկում եմ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասաց Սահակյանը:
2015թ.-ի մարտին Հայաստանի խորհրդարանը բանաձև էր ընդունել և դատապարտել Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը: Բանաձևի տեքստը պատրաստել էին Հայաստանի խորհրարանի վեց խմբակցության ներկայացուցիչները: