Նման նախագծերի կարևորության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ դրանց դերի մասին պատմել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Զրուցել է Լաուրա Սարգսյանը:
- Ի՞նչ ազդեցություն են ունենում նման նախագծերը Հայաստան-Սփյուռք կապի համար։
— Տարեցտարի Հայաստանի և սփյուռքի կապն ամրապնդվում է: Արտերկրում բնակվող 7-8 մլն հայերի մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան` սկսած ինժեներներից մինչև արվեստագետներ: Մենք աշխատանքներ տարանք տարբեր ուղղվածության մասնագիտական հարթակներ ստեղծելու համար, որպեսզի հայ մասնագետները երկրի ներսում և երկրից դուրս կարողանան փոխգործակցության շնորհիվ Հայաստանի համար որոշակի ծրագրեր ստեղծել: Եթե խոսենք այս ցուցահանդեսի մասին, ապա ասեմ, որ մենք շատ հայրենակիցներ ունենք, ովքեր աշխատում են աշխարհի տարբեր ծայրերում:
Նման նախագծերը նրանց առջև հնարավորություններ են բացում. նրանք տուն են վերադառնում և իրենց աշխատանքները ներկայացնում պատմական Հայրենիքում` տեղի նկարիչների հետ միասին: Պարզ է, որ Հայաստանում ստեղծագործ մարդն իր մոտեցումն ու տեխնիկայի վարպետությունն ունի, իսկ նա, ով արտերկրում է ստեղծագործում, տարբերվում է նրանից: Անկախ միևնույն ազգին պատկանելուց` մշակույթը, որտեղ ապրում է մարդը, ներգործում է նրա և նրա ստեղծագործությունների վրա:
Նման ցուցահանդեսները թույլ են տալիս ամպրապնդել սփյուռքի և մեր երկրի կապը: Ինձ թվում է, որ տարիներ առաջ սփյուռքի մասին քիչ էր խոսվում, իսկ այսօր այն դարձել է մեր կենսագործունեության անբաժանելի մասը: Այսօր չգիտեմ մի ուղղություն, որտեղ ներկայացված չլինեն սփյուռքը կամ սփյուռքահայը: Սփյուռքը միավորվել է Հայաստանի շուրջ և ակտիվ գործում է տարբեր հայկական հարցերում, լինի դա Հայոց ցեղասպանությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կամ սիրիահայերի հարցը:
- Ինչպիսի՞ն է իրավիճակը` կապված ազգային ինքնության հետ:
— Այդ հարցում մենք խնդիրներ ունենք: Մեր հայրենակիցներն արտերկրում ստիպված են սովորել այն երկրի լեզուն, որտեղ ապրում են, որպեսզի դառնան այդ երկրի լիիրավ անդամ: Մի կողմից` մենք խրախուսում ենք դա, մյուս կողմից` կոչ անում, որպեսզի չմոռանան իրենց արմատները և նպաստեն հայության պահպանմանը: Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր հայ ցանկություն ունենա Հայաստան գալ: Յուրաքանչյուր հայ պետք է լինի հայկական հողի վրա, պետք է հիանա Արարատի տեսարանով, ծունկ չոքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի առջև, հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մոմ վառի Էջմիածնում, ձեռքերը թրջի Սևանա լճում: Յուրաքանչյուր հայի համար իր հողը, մշակույթը, ընտանիքն ու հավատքը պետք է ամենակարևորը լինեն:
— Մեր բոլոր ծրագրերն ուղղված են երիտասարդներին, հայապահպանությանը: Մի ժամանակ մեր «Արի տուն» ծրագիրն այնպես էին քննադատում, որ ինձ մոտ հարց առաջացավ, թե արդյոք մենք ճի՞շտ ուղու վրա ենք: Բայց չէ՞ որ այդ ծրագրի շնորհիվ 7000 ընտանիք մեզ վստահեց և իրենց երեխաներին Հայաստան ուղարկեց, 7000 ընտանիք Հայաստանում իրենց դռները բացեց նրանց առջև և այդ երեխաներին ընդունեց որպես իրենցը: Հետևաբար, մենք կարողացանք կապ ստեղծել 14000 ընտանիքի միջև:
Այս տարի մենք անցկացնում ենք համահայկական «Իմ Հայաստան» փառատոնը (անցկացվելու է հուլիսի 20-ից սեպտեմբերի 26-ը), որը նույնպես կնպաստի Հայաստանի և սփյուռքի կապերին:
- Ինչպե՞ս է սփյուռքի նախարարությունն օժանդակում հարևան Վրաստանի համայնքի խնդիրների կարգավորմանը:
— Մենք ակտիվորեն աշխատում ենք վիրահայերի հետ: Անցյալ տարի ֆինանսավորեցինք Վրաստանի մշակութային կենտրոնի ծրագրերը, նախարարության աջակցությամբ Բաթումում բացվեց հայտնի թբիլիսահայ բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի անվան մշակութա-լուսավորչական կենտրոնը: Մենք ակտիվ աշխատում ենք վիրահայերի հետ և ակտիվ կապեր ունենք երիտասարդների, տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչների և եկեղեցիների հետ: