ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. ԱՄՆ դեսպանատունը մայիսի 18-ին Երևանում կազմակերպած համաժողովին հրավիրել է այն խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք նախկին ԽՍՀՄ տարածքում աշխատելու փորձ ունեն և, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով, տեղյակ են այստեղ առկա կոռուպցիոն ռիսկերին։
«Այն ամերիկյան ընկերությունների համար, ովքեր այստեղ գալիս են պատրաստված և ցանկանում են գործունեություն իրականացնել, նրանց համար միշտ կան հնարավորություններ»,- ասաց դեսպանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում վերջին տասնամյակում կատարված հարկային և մաքսային, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտներում կատարված բարեփոխումները թույլ են տալիս մեծ ներդրումներ անել։ Իսկ որպես ամերիկյան կողմի խոշորագույն ներդրում` Ռիչարդ Միլսը հիշեցրեց անցյալ տարի «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ձեռք բերումը։
Համաժողովին մասնակցող Ամերիկյան Open Systems International ընկերության ներկայացուցիչ Յուսուֆ Պետիվալան Հայաստանում կոռուպցիայի ու մենաշնորհների մասին տեղեկացված չէ, բայց հուսով է, որ երկրում աշխատելու դեպքում դրանց հետ չի առնչվի։
«Որպես ամերիկյան ընկերություն` մենք հայաստանյան կոռուպցիայի հետ գործ չենք ունենալու, քանի որ առայժմ միայն ուսումնասիրում ենք տեղական շուկան և ճշգրտում մեր անելիքներն այստեղ»,- նշեց նա։
Հայաստանյան կոռուպցիան ուսումնասիրում են ոչ միայն ամերիկացիները, այլև հայերը, մասնավորապես` կառավարության անդամները։ Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստում երեք շաբաթ ժամկետ էր տվել կառավարության անդամներին` վերլուծելու «Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկելու արդյունավետ լուծումներ»։ Այս հայտարարությունից մեկ շաբաթ անց լրագրողներն էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեցին` ի՞նչ է արվել այդ ուղղությամբ և արդյոք երեք շաբաթը քիչ չէ՞ մենաշնորհների դեմ պայքարի համար։
«Այո, 3 շաբաթը, իհարկե, քիչ է մենաշնորհների դեմ պայքարն իրականացնելու ամբողջ ծավալով, բայց դա բավարար է, որպեսզի մենք հատկորոշենք և ճանապարհային քարտեզ մշակենք մենաշնորհային ամբողջ տնտեսական կարգը վերափոխելու, ազատ մրցակցային պայմաններ ձևավորելու համար»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանը խոստացավ վարչապետի նշած ժամկետում ոչ միայն ճանապարհային քարտեզ ներկայացնել, այլև ամբողջական զեկույց, որում, ի դեպ, կլինեն նաև հայաստանյան հայտնի մոնոպոլիստների և օլիգարխների անունները։
Մինասյանը վերահաստատեց մոնոպոլիաների դեմ որպես ԱԺ պատգամավոր սկսած պայքարն ավարտին հասցնելու իր պատրաստականությունը` բոլորին կոչ անելով միանալ կամ գոնե չխանգարել իրեն։
«Ես միևնույն է գնալու եմ այդ ուղղությամբ ու պայքարելու եմ մենաշնորհների դեմ»,- վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։ Իսկ նրանց, ովքեր դեմ կկանգնեն այդ պայքարին, էկոնոմիկայի նախարարի խոսքով`«Աստված կպատժի»։