ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Մայիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի արևելյան ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: