ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երգչուհի Իվետա Մուկուչյանի խիզախության, գեղեցկության և տաղանդի մասին խոսում են ամբողջ աշխարհում, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում նա է ներկայացնելու Հայաստանը:
Այն մասին, թե ինչպիսին է Իվետան իրական կյանքում, Sputnik Արմենիային պատմեց The Beautified Project խմբի մենակատար և հիմնադիր Անդրե Սիմոնյանը: Նա հիշեց նաև մի հետաքրքիր և զավեշտալի պատմություն` կապված իր և Իվետայի հետ։
««Հայ Սուպերսթար» նախագծից հետո շատ էինք հոգնել, հատկապես` մարդկանց ուշադրությունից: Այդ ժամանակ Գերմանիայից Հայաստան եկան Իվետայի քույրն ու նրա մտերիմ սևամորթ ընկերուհին, որը Իվետայի նման մոդելային արտաքին ունի», — պատմեց Անդրեն:
Իվետայի նախաձեռնությամբ` երեք աղջիկներից և արական սեռի մեկ ներկայացուցչից բաղկացած խումբը որոշեց գնալ քաղաքից դուրս` Գառնի:
Նա ավելացրեց, որ ինքն ու աղջիկները սկսեցին «փրկության» ճանապարհ փնտրել, երբ նկատեցին, որ գետի մյուս ափով բեռնատար մեքենա է անցնում: Պարզվեց` Գառնիի բնակիչներն էին, ովքեր տեսել են «օրվա հերոսներին» և միանգամից շտապել օգնության:
«Իհարկե, մենք թրջվել էինք, բայց շատ ծիծաղելի էր: Ինձ երեք աղջիկներով շրջապատված տեսնելով, հատկապես հաշվի առնելով, որ նրանցից մեկը սևամորթ էր, իսկ մյուսը` Իվետան, վարորդները զարմացել էին: Հետաքրքրվեցին, թե ինչպես ենք հայտնվել կիրճում` այս դժվարանցանելի վայրում: Հետո մեզ օգնեցին անցնել գետի մյուս կողմը: Իվետան մեզ հետ նստեց բեռնատարի թափքում, որպեսզի հասնի մոտակա կանգառ, քանի որ բեռնատար մեքենայում տեղ չկար», — պատմեց Անդրեն:
Այսպես էլ փրկվեց ճանապարհորդների քառյակը:
«Եվրատեսիլ 2016»-ի աստղի հետ ծանոթությանն անդրադառնալով` Անդրեն ասաց` շատ ուրախ է, որ ճակատագրի բերումով ինքն ու Իվետա Մուկուչյանը հանդիպեցին:
«Նա Հայաստան եկավ 2009 թվականին: «Հայ Սուպերսթար» նախագծի ավարտից հետո մենք լավ ընկերներ դարձանք: Շատ հավատարիմ մարդ է: Առաջին հերթին Իվետան նվիրված է իր մասնագիտությանը, միշտ ամեն ինչ կատարելության է հասցնում», — պատմեց երաժիշտը:
Անդրեն կարծում է, որ Իվետան այն եզակի բացառություններից է, երբ երգչուհին նաև 100% շոուվումն է:
Sputnik Արմենիայի զրուցակիցն ավելացրեց, որ բացի այս ամենից, Իվետան բավական անկեղծ և ճշմարտասեր անձնավորություն է:
«Նա բարի հայուհի է, սակայն նրա անկրկնելի, փայլուն իմիջի տակ դժվար է նկատել նրա անկեղծությունն ու մաքրությունը: Ինձ թվում է, որ այդ մրցույթին մասնակցելու համար Իվետան ամենաարժանի և ճիշտ թեկնածուն էր: Նա հրաշալի ելույթ ունեցավ կիսաեզրափակիչ փուլում: Շատ բարդ երգ էր ընտրված, բայց նա շատ լավ երգեց` գերազանց կատարելով ամենաբարձր նոտաները», — նշեց երգիչը:
Երաժիշտն ավելացրեց, որ եթե «Եվրատեսիլ 2016»-ին քվեարկեր միայն պրոֆեսիոնալ ու անաչառ ժյուրին, հայ մասնակիցը լավագույն տեղը կզբաղեցներ: