ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ներկայացավ LoveWave երգով և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Մրցույթի եզրափակիչ փուլից հետո հայտարարվեց հաղթողի անունը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչը, երկրորդ տեղում՝ Ավստրալիայի, երրորդում՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանն առավելագույն՝ 12 միավոր ստացավ Իսպանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից:
Առաջին կիսաեզրափակիչ փուլից հետո Իվետա Մուկուչյանը հայտնվել էր աղմկահարույց պատմության կենտրոնում, քանի որ ծածանել էր Արցախի դրոշը, և Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել էր, որ եթե ԼՂՀ դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:
Եզրափակիչ փուլում Իվետան ռիսկի չենթարկեց Հայաստանի հետագա մասնակցությունը մրցույթին և ծածանեց միայն Հայաստանի դրոշը: Լեռնային Ղարաբաղի դրոշից բացի, արգելված դրոշների ցանկում էին ընդգրկվել նաև Բասկերի երկիր իսպանական ինքնավար համայնքի դրոշը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, Պաղեստինի, Կոսովոյի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Մերձդնեստրի դրոշները: Այս դեպքում, թերևս, հատկանշական է, որ դահլիճում փողփողացող տարագույն դրոշների շարքում աչք էին ծակում միասեռականների դրոշները:
Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվեց «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեց 26 երգիչ` երկու կիսաեզրափակիչների հաղթողները, ինչպես նաև մրցույթն ընդունող երկրի՝ Շվեդիայի և «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչները (մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա)։
Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006թ.-ից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն 2008թ.-ին (չորրորդ տեղ) և Արամ MP3-ն 2014թ.-ին (չորրորդ տեղ):