ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Funke մեդիախմբի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Խոլգեր Մյունխը հայտնել է, որ իրենց մտահոգում է բռնության աճի ցուցանիշը:
Մյունխի խոսքով՝ փախստականների դեմ հանցագործությունների մեծ մասի հեղինակները տղամարդիկ են, և հանցագործների գրեթե 80 տոկոսն ապրում է այն նույն վայրում, որտեղ կատարում է հանցագործությունը:
Աճել է նաև համացանցում փախստականների նկատմամբ ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների թիվը:
«2015 թվականին գրանցված հանցագործությունների թիվը երեք անգամ աճել է և շուրջ երեք հազարի հասել: Մեր կարծիքով՝ բառերով վիրավորանքներին հաճախ են հաջորդում իրական հարձակումները»,- ասել է քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավարը:
Ոստիկանությունն այս պահին տվյալներ չունի ուլտրաաջ ծայրահեղական ոչ լոկալ գործունեության ծավալած կառույցների մասին, որոնք հարձակվում են փախստականների վրա: Սակայն Մյունխի խոսքով՝ իրենք չեն բացառում, որ նման կազմակերպություններ կարող են լինել ու լուրջ են վերաբերվում այդ սպառնալիքին:
Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից հետո: Frontex գործակալության տվյալով՝ 2015թ.-ին Եվրամիություն է ժամանել շուրջ 1.8 մլն միգրանտ: