ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ–2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն արժանացել է Eurovision's Next Top Model 2016 կոչմանը` ըստ բրիտանական Wiwibloggs կայքի քվեարկության։
Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision's Next Top Model) որոշելու համար։ Քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։
Այս տարի կայքը դեռևս ապրիլի սկզբին էր քվեարկություն հայտարարել այս տարվա թոփ մոդելին որոշելու համար։
Նշենք, որ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը LoveWave երգով մայիսի 10-ին անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում նա հանդես կգա վերջին` 26-րդ համարի ներքո։ Մուկուչյանը նաև հայտնվեց աղմկահարույց պատմության կենտրոնում, քանի որ ծածանել էր Արցախի դրոշը, ինչից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրեց, որ եթե ԼՂՀ դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից: