ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Մոսկվայում տեղի ունեցած «OFS-8» միջազգային մրցաշարում հաղթած Ալբերտ Ղազարյանն ու նրա մարզիչը` «Արմֆայթինգ ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեցին Ադրբեջանի տարածած տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրթազովն իրականում ադրբեջանցի չէ, և որ նրա մակարդակի մարզիկի մասնակցությունը միջազգային մրցաշարին, հայերի կազմակերպած սադրանքն է։
«Նա մանկուց ունի Ադրբեջանի գրանցում, անձնագիր, և անկախ այն բանից, թե ինչ ազգության է, հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի և, բնականաբար, ներկայացնում է Ադրբեջանը»,- ասաց Հայկ Ղուկասյանը։
Մարզիկ Ալբերտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց իր հաղթանակով ոգևորված բոլոր հայրենակիցներին, և, օգտվելով առիթից, մեկնաբանեց սոցկայքերում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձած ժեստը, որ ինքը հաղթանակից հետո ցույց էր տվել ադրբեջանցի մարզիկին։
«Բոլորը կարծում են, թե ես միջնամատ եմ ցույց տվել, բայց եթե մոտեցնեք կադրը, կտեսնեք, որ իրականում ես ցուցամատներս եմ վեր պարզել, քանի որ ես ինքս էլ այսօր երեխաներ եմ մարզում, որոնց համար երբեք նման վատ օրինակ չէի լինի, և ինքս էլ ստացել եմ այնպիսի մարզչական դաստիարակություն, որ սպորտն առաջին հերթին խաղաղություն է»,- նշեց Ալբերտ Ղազարյանը։
Ադրբեջանցի մարզիկին 57 վայրկյանում պարտության մատնած Ալբերտն ու իր մարզիչը հայտնեցին նաև, որ ադրբեջանցի մարզիկի կողմից դեռ ռևանշի առաջարկ չեն ստացել, բայց եթե ստանան, կհամաձայնեն։