ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, որոնք ենթադրում են մեկ տարով երկարաձգել պարտադիր կենսաթոշակային վճարումներին ամբողջությամբ անցնելը։
«Կողմ» է քվեարկել 104 պատգամավոր, ևս 4-ը ձեռնպահ է մնացել։
Փոփոխությունների համաձայն` մասնավոր հատվածի աշխատողների համար պարտադիր վճարումներն ուժի մեջ մտնելու ժամկետը 2017թ.-ի հուլիսի 1-ից կտեղափոխվի 2018թ.-ի հուլիսի 1։
Պետական հատվածում աշխատող քաղաքացիների համար այդ վճարումները պարտադիր են 2014թ.-ի հուլիսի 1-ից։
Պարտադիր կուտակային թոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիների համար, ովքեր ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո։ Համակարգի մասնակիցները պարտադիր կերպով պետք է հատուկ ստեղծված հիմնադրամ փոխանցեին աշխատավարձի 5 տոկոսը, նույնքան էլ պետք է ավելացներ պետությունը։
Սակայն թոշակային բարեփոխումները դժգոհություն առաջացրին և զանգվածային ցույցերի պատճառ դարձան։ Ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց անվավեր ճանաչել օրենքի մի շարք դրույթները, իսկ խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրինագծում, որոնց համաձայն` 2014 թվականի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր դարձավ միայն պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այն տարածվում է նաև մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա, ովքեր չեն հասցրել պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում ներկայացնել։