ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Կառավարությունը սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով հավասարեցնում է կամավորների կարգավիճակը զինծառայողների կարգավիճակին, լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Խնդիրներ են եղել կամավորների իրավական կարգավիճակի հետ, պետք է լուծել այդ հարցը` նրանց զինծառայողի կարգավիճակի հավասարեցնելու համար։ Ռազմական գործողությունների մասնակիցների համար սոցիալական երաշխիքների համակարգերը, որոշումների նախագծերն արդեն քննարկվել են պետական կառավարման մարմինների հետ»,- ասաց Ասատրյանը։
Նրա խոսքով` հիմա քննարկվում է նաև աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցը։ Այդ ոլորտում նույնպես նախատեսվում են օրենսդրական նախաձեռնություններ, որպեսզի որոշակի երաշխիքներ տրվեն` ռազմական գործողությունների մասնակիցներին աշխատատեղերով ապահովելու համար։
Օրենսդրության համաձայն` բացի այդ մահացածների ընտանիքներին նշանակվում են ամսական կենսաթոշակներ, որոնք տարբերվում են` կախված զինծառայողի կոչումից։ Գոյություն ունի նաև հատուկ պարգևատրման ֆոնդ։