ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց մի քանի տասնյակ երիտասարդ քաղաքացիների, որոնք այդ պատերազմում, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, ամենածանր ու անդառնալի կորուստն էին։ Իսկ հայաստանյան տնտեսությունն այդ օրերին մեծ հաշվով չտուժեց, քանի որ առանձնապես կորցնելու բան էլ չուներ։ Օրինակ` օտարերկրյա ներդրողներն այդ օրերին մեր երկրից չհեռացան, որովհետև մինչ այդ չէին էլ եկել։
Փոխարենը Վարդան Բոստանջյանի կարծիքով, չորսօրյա պատերազմը բացահայտեց մեր տնտեսության խոցելի կողմերը։
Մասնավորապես, տնտեսագետի խոսքով, տնտեսության մեջ նոր շեշտադրումների, նոր մոտեցումների անհրաժեշտություն կա` ուղղված անվտանգությանը, պաշտպանությանն ու տնտեսական զարգացմանը։
Տնտեսական անվտանգության բաղադրիչներից մեկն էլ Վարդան Բոստանջյանը համարում է ինքնաբավ տնտեսություն ունենալն ու թուրքական ապրանքների ներկրումից հրաժարվելը։
«Ինքնաբավ երկիր լինելու մակարդակի կտրվածքով ՀՀ-ն այսօր սպառում է բազմաթիվ ապրանքներ, առաջին հերթին` պարենային և արդյունաբերական ապրանքներ, որոնք մենք խնդիր չունենք ստեղծելու։ Սակայն հանգամանքների բերումով մեզ մոտ այնպես է ստացվել, որ ազատ մրցակցության, տարբեր տնտեսվարողների կողմից գերշահույթներ հետապնդելու արդյունքում բազմաթիվ ապրանքներ, որ մենք կարող էինք ինքներս ստեղծել, անցած 25 տարիների ընթացքում մղվեցին հետին պլան»,- ասաց Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ 4-օրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ Հայաստանը պարտավոր է այս ուղղությամբ ջանքեր գործադրել։
Ի դեպ, ըստ վիճակագրական ազգային ծառայության հրապարակած տվյալների, ապրիլյան պատերազմը բացասաբար չի ազդել նաև սպառողական գների վրա։ Հակառակը, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրիլին մարտի համեմատ գները նույնիսկ նվազել են 0.3%-ով։
Իսկ թե որքանով է այս էժանացումը կապված ապրիլին Ադրբեջանի իրականացրած պատերազմական գործողություների հետ, ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը դժվարացավ մեկնաբանել` նշելով, որ հայ վիճակագիրները պատճառահետևանքային ուսումնասիրություն չեն կատարում։
Պատերազմի օրերին հայաստանցի սպառողների կյանքի ու սպառողական գների անփոփոխ մնալը տնտեսագետ Վարդան Բոստանջյանին չի զարմացնում։ Դրա համար նա ունի իր բացատրությունը` լճացած տնտեսություն և չափազանց մեծ աղքատության մակարդակ։
«Անկախ այդ նույն վիճակագրական ծառայության հրովարտակած այն ցուցանիշի, թե իբր ՀՀ-ում աղքատությունը 32%-ի սահմաններում է, իրականում մենք գիտենք, որ աղքատությունը շատ ավելի բարձր է և գերազանցում է 70 %-ը։ Ուստի նման պարագայում շատ տրամաբանական էր, որ պետք է սպառողական շուկայում գների շատ մեծ տատանումներ չնկատվեին` անգամ պատերազմի օրերին»,- նշեց տնտեսագետը։
Իսկ Հայաստանի համար ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը Վարդան Բոստանջյանը համարում է ժամանակակից ռազմական արդյունաբերության զարգացումը` հիմնված Հայաստանի մարդկային ու մասնագիտական ներուժի մեծ հնարավորությունների վրա։