ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Արման Վանեսքեհյան. Հաղթանակի օրվա նախօրեին թանգարան այցելեց Կիևից ժամանած հյուր` Հայրենական մեծ պատերազմի հերոս, հրետանային դիվիզիայի հրամանատար, իր զինվորների հետ մինչև Բեռլին հասած Ալեքսանդր Մորդուկովի (Մորդուկյան) դուստրը։ Մեր հայրենակից, գնդապետ Մորդուկովը ծնվել է Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում (նախկին Սուրբ Խաչ գյուղ, որը հիմնվել է 18-րդ դարի սկզբին հայերի կողմից)։ Պատերազմի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով, որոնք նրա դուստրը` Նինա Ալեքսանդրովնան, հանձնեց թանգարանին։
Նա ցանկանում է, որպեսզի բոլոր պարգևները պահվեն հենց Հայաստանում։
«Անհամբեր սպասում եմ, թե երբ հնարավորություն և ժամանակ կունենամ ուսումնասիրել հերոս Մորդուկովի ռազմական ուղին։ Պարզեմ, թե կոնկրետ որ ռազմական գործողության համար է նա ստացել այս կամ այն շքանշանը։ Մեծ ծավալի աշխատանք կա անելու»,- ասաց Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը։
Նրա խոսքով` Մորդուկովի մասին ուկրաինական աղբյուրներում տեղեկատվություն գրեթե չկա, թեև նա երկար տարիներ աշխատել է Կիևում, որը և ազատագրել է նրա դիվիզիան հեռավոր 1943թ.-ին։ Թանգարանի տնօրենը հաղորդեց, որ այն անընդհատ համալրվում է նոր ցուցանմուշներով։
«Հայաստանի պաշտպանության նախարարության Մայր Հայաստան զինվորական թանգարանը ԱՊՀ-ում հանրապետական, ազգային նշանակության միակ զինվորական թանգարանն է։ Այստեղ այսօր էլ աշխատում են պատմությունը, 1941-1945թթ. իրադարձությունները մանրամասն ուսումնասիրելու ուղղությամբ։ Դեռ շատ անելիք կա»,- ասաց Հարությունյանը։
Թանգարանի աշխատակիցները հսկայածավալ աշխատանք են կատարում Հայրենական մեծ պատերազմին վերաբերող նյութերն
ուսումնասիրելու գործում։
Մայր Հայաստան զինվորական թանգարանը ԽՍՀՄ տարածքում գործող միակ թանգարաններից է, որտեղ գտնվում են ոչ թե պատերազմի կոնկրետ ժամանակահատվածի, կոնկրետ գործողության կամ առանձին ճակատին վերաբերող ցուցանմուշներ։ Թանգարանն այցելուներին տեղեկատվություն է տրամադրում ՀՄՊ-ում հայ ժողովրդի մասնակցության, մարշալների, գեներալների, հերոսների և հասարակ զինվորների մասին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի։
«Ուշադրություն դարձրեք Հայրենական մեծ պատերազմին նվիրված պատկերասրահին, որի նմանը չկա ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ ԱՊՀ տարածքի թանգարաններից և ոչ մեկում։ Պատկերասրահում ներկայացված են ԽՍՀՄ հայտնի գեղանկարիչների վրձնին պատկանող հայ մարշալների, գեներալների և ծովակալի դիմանկարները»,- հպարտությամբ ասաց թանգարանի տնօրենը։
Մայր Հայաստան հուշահամալիրը բացվել է 1950թ. նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը:
1967թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո Մայր Հայաստան արձանը:
Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է: 1970թ. բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ. թանգարանը: 1995թ. այն վերանվանվել է Մայր Հայաստան զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: