ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 1941-ին Ռոզալյա Աբգարյանը նոր էր ավարտել դպրոցը: Հունիսի 21-ին հույզերով ու հույսերով լի պատանիները ստացել էին ավարտական վկայականները, երգ ու պարով նշել էին: Իսկ առավոտյան ռադիոն ազդարարել էր Ֆաշիստական Գերմանիայի հարձակման մասին:
Դպրոցական ընկերներով հավաքվել էին ու մի կողմ թողնելով ուսումը շարունակելու նախորդ օրվա լուսավոր ծրագրերը` որոշել կամավոր գնալ ռազմաճակատ, հիշում է Աբգարյանն ու հավելում, որ որոշ պատրաստություն անցնելուց հետո ռազմաճակատ է մեկնել որպես կապավոր:
Իր մարտական անցյալի բազում պատմություններից տիկին Ռոզալյան հատկապես տպավորված է Ստալինգրադի գրավման հիշողություններով:
«Գերմանացիները գիտեին, որ Վոլգա գետը կապում էր Սովետական միության հյուսիսը հարավի հետ: Եվ Վոլգա գետը գրավելով` իրենք կարող էին էժան` նավով հասնել մինչև Բաքու, որտեղ նավթ կա»,- պատմում է տիկին Ռոզալյան` մեկնաբանելով, թե ինչու էր հատկապես կարևոր Ստալինգրադը թշնամուն չհանձնելը:
Ու թեև Հիտլերի նպատակը Բաքու հասնելն էր, բայց Ստալինգրադի պաշտպանությունը, Ռոզալյա Աբգարյանի համոզմամբ, շատ ավելի մեծ նշանակություն ուներ հայերի համար:
«Հիտլերի դաշնակից Թուրքիան արդեն բավականին դիվիզիաներ էր բերել մեր սահմանի մոտ: Եվ եթե գերմանացիները կարողանային վերցնել Ստալինգրադը, թուրքերը պիտի հարձակվեին Հայաստանի վրա»,- ասում է Ռոզալյա Աբգարյանը: Իսկ նրանց, ովքեր երբեմն ասում են, թե ինչու են հայերը մարտնչել հանուն Ստալինի ու ԽՍՀՄ-ի, նա պատասխանում է. «Մեզ` հայերիս համար, Ստալինգրադի մարտերը, հաղթանակը կյանքի ու գոյության խնդիր էին»:
Հաղթանակն Աբգարյանը դիմավորել է Պրահայում: Մայիսի 9-ին Պրահան ազատագրելուց հետո ուրախությունը կրկնապատկվել է, երբ տեղեկություն է ստացվել, որ խորհրդային զորքերը գրավել են նաև Բեռլինը, և պատերազմն ավարտվել է:
Անդրադառնալով Մեծ հայրենականին կանանց մասնակցության հարցին` Ռոզալյա Աբգարյանը նշում է, որ կինը միշտ դժվարին պահին իր ամուսնու, իր եղբոր, իր որդու կողքին է լինում` լինի դա կենցաղում, թե պատերազմում:
«Մոտ 10 հազար կին է մասնակցել պատերազմին, նրանց մեծ մասը, ցավոք, արդեն չկա, մի մասն անկողնային հիվանդ է, քանի որ նրանցից ամենաերիտասարդներն այսօր 90-91 տարեկան են: Կանայք շատ մեծ գործ են արել` բուժքույր են եղել, կապավոր, նույնիսկ` տանկիստ և օդաչու»,- ասում է նա` հավելելով, որ պատերազմում սեռային տարբերակում չկար, կանայք տղամարդկանց հավասար տանում էին բոլոր դժվարությունները:
Իսկ այսօր` Արցախի պատերազմի օրերին, վետերան կինը համոզվել է` հերթափոխը արժանի ու վստահելի ձեռքերում է: