ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հետախույզ Պետրոս Պետրոսյանի զինվորական համազգեստը զարդարող շուրջ 7 տասնյակ մեդալներից ու շքանշաններից յուրաքանչյուրը Հայրենիքին մատուցած ծառայությունների մասին պատմող հիշողություն է, որոնցից մի քանիսի մասին Մեծ հայրենականի վետերանը պատմեց Sputnik Արմենիային:
Պետրոս Պետրոսյանի նախնիները 1915-ին գաղթել են Ղարսից, հաստատվել Ալեքսանդրապոլում, որտեղ էլ 1923թ-ին ծնվել է ինքը:
«Երբ պատերազմը սկսվեց, ես դեռ դպրոցական էի, բայց գնացի զինկոմիսարիատ, խնդրեցի, որ ինձ ռազմաճակատ ուղարկեն: Զինկոմն ասաց` երբ 18 տարիդ լրանա, կգաս: Այդպես էլ արեցի»,- պատմեց Պետրոս Պետրոսյանը:
«Մերձմոսկովյան Պրոխորովկա գյուղի համար մղվող մարտերն ամենաթեժն էին»,- հիշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ ինքն այդ ժամանակ արդեն հետախույզ էր ու պետք է հետախուզեր թշնամու դիրքերը:
Նրան այդ հանձնարարությունը տված սպան հայտնել էր, որ գյուղն արդն ազատագրված է ու նշել էր այն տարածքը, որը պետք է հետախուզվեր: Հետախույզների խումբը` այն ժամանակ դեռ լեյտենենտ Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ, գնաց հանձնարարությունը կատարելու, բայց դեռ տեղ չհասած` զինվորներից մեկը զեկուցեց, որ իրենք շրջապատված են: Պարզվեց, որ հանձնարարությունը տված սպան` Պոպովը, սխալ տեղեկություններ էր հայտնել. գյուղն իրականում դեռ ազատագրված չէր:
«Ես խորհրդակցեցի մեր հրամանատարների հետ, և որոշեցինք կռվել մինչև վերջ: Իսկ վերջում պետք է պայթեցնեինք մեր հրանոթները, որպեսզի զենքը թշնամու ձեռքը չընկներ»,- պատեց Պետրոս Պետրոսյանը` նշելով, որ այդ կռվում ինքը վիրավորվեց: Բայց մինչ այդ իրենց ջոկատին օգնության էին հասել խորհրդային բանակի այլ ուժեր, ինչի շնորհիվ իրենք կարողացել էին դուրս գալ շրջափակումից:
Գեներալը, առանց ուշադրություն դարձնելու իր վիրավոր լինելուն, պահանջեց, որ պատմի, թե ինչպես են հայտնվել թշնամու օղակում: Նույն Պոպովը, որի մեղքով դա տեղի էր ունեցել, հայացքով խնդրեց հայ զինվորին` չմատնել իրեն: Պետրոս Պետրոսյանը մեղքը վերցրել է իր վրա` հույսով, որ հաղթողին չեն դատի:
«Նա զայրացավ, ու ասաց, որ սխալվելու համար ինձ նկատողություն է հայտարարում, ապա ավելացրեց. «Իսկ այն բանի համար, որ դուք կռվեցիք մինչև վերջ, պարգևատրվում եք Կարմիր աստղի շքանշանով»,- պատմեց վետերանն ու հպարտորեն ցույց տվեց շքանշանը` հավելելով, որ այն իր համար ամենաթանկն է, քանի որ արյունով է ձեռք բերվել:
Նա հիշեց այլ դեպքեր ևս։ 1943թ-ին` Դնեպրի ափին, հետախույզների փոքրիկ ջոկատը պետք է անցներ գետը: «Սպասեցինք մինչև մութն ընկավ, որ թշնամին մեզ չտեսնի։ Ծառերի ճյուղերից լաստեր պատրաստեցինք, որ մեզ հետ նաև ձիերն անցկացնեինք մյուս ափ: Այն ժամանակ ձիերով էինք տեղից տեղ գնում, այդքան ավտոմեքենա չկար: Ձիերին բարձեցինք լաստերի վրա, մենք էլ նստեցինք ու սկսեցինք դանդաղ թիավարել»,- պատմում է վետերանը:
Բայց գետը հեշտությամբ անցնել չհաջողվեց, լաստերն ափ չհասած` շրջվեցին: Բարեբախտաբար կարողացան փրկվել: «Այսպես ես երկրորդ անգամ մահից պրծա»,- ասաց հետախույզը:
Երրորդ անգամ Պետրոս Պետրոսյանի կյանքը վտանգել է սեփական մարտական ընկերներից մեկը, ով ռումինական գրավված գյուղում գինու պահեստ գտնելով` հարբել ու յուրայիններին թշնամի կարծելով` սկսել է ավտոմատից կրակել նրանց վրա: Այստեղ հայ հետախույզը կարողացել է շուտ կողմնորոշվել ու ողջ մնալ:
Պետրոս Պետրոսյանը խոստովանեց, որ հետախույզ լինելը հեշտ չէ, բայց ինքն այդ կոչումը կրել է հպարտությամբ ու կյանքը վտանգել հանուն Հայրենիքի ու իր ընտանիքի:
«Մենք` վետերաններս, միշտ ցանկացել ենք, որ մեր սերունդներն էլ մեզ պես հայրենասեր լինեն: Բայց նրանք մեզ անցան: Փառք ու պատիվ մեր այն 18 տարեկան զինվորներին, որոնք փառքով պահեցին Արցախը թե´ 90-ականներին և թե´ հիմա»,- ասաց պատերազմը սեփական մաշկի վրա զգացած վետերանը:
Հայրենականի ավարտից հետո էլ Պետրոս Պետրոսյանը հավատարիմ մնաց հետախույզի կոչմանը: Նա իր գործունեությունը շարունակեց արտասահմանյան երկրներում` Անդրեյ անվան տակ, բայց հոգով մնաց հայ ու ամերիկյան հետախուզության կողմից բացահայտվելուց և ԱՄՆ-ից փախուստից հետո վերադարձավ Հայաստան: