ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը, հայտնում է ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի կայքը:
Տոնի անվանումն առաջացել է Զատկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները:
Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, — կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):
Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը և մահվանից հետո երկնքում, Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգևում: