ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով Սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչներն այցելել են բոլոր վիրավորներին ու նրանց ընտանիքիներին, և նրանց այս կամ այն չափով աջակցություն է ցուցաբերվել, վստահեցնում է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
«Իսկ ինչ վերաբերում է զոհվածի ընտանիքին, այդ ժամանակ, երբ այցելությունն իրականացվում էր, դեռևս պարզված չէր զոհվածի ինքնությունը, և երևի թե դա է եղել պատճառը, որ այդ ընտանիքին դեռևս ուշադրություն չի դարձվել կամ այցելություն չի եղել, բայց կարծում եմ անդրադարձ կլինի այդ հարցին»,- Sputnik Արմենիային ասաց Նիկոյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանն ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի զոհերից մեկն էր, մյուս զոհը` Ռուբեն Բալյանը, պայթյունի ենթադրյալ մեղավորն է։ Արմենի կնոջն ու հարազատներին անչափ վշտացրել է քաղաքային իշխանությունների անտարբերությունը, նրանք ցավով նշում են, որ այդ անտարբերությանն է գումարվել նաև չարախոսների այն ենթադրությունները, թե Արմենը կապ ունի պայթյունի մեղավորի հետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արմեն Հովհաննիսյանի կինը` Կարինեն, հերքել էր այդ խոսակցություններն ու խնդրել, որ ամուսնու անմեղ անունը չկապեն պայթյունի հետ։