ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Քաղաքական փոփոխությունները, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն ու կառավարության նոր ղեկավարի նշանակումը որևէ կերպ չի ազդի Թուրքիայի հայկական համայնքի վրա։
«Այս փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնա Թուրքիայի հայերի վրա։ Ո´չ դրական, ո´չ բացասական ձևով», — ասաց Թուրքիայի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Վարչապետ Դավութօղլուն դեռ պաշտոնը լքելու դիմում չի ներկայացրել, և ներկա պահին Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղված է։ Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության անդամները արտահերթ նիստ անցկացնելու որոշում կայացրեցին, և հենց այդ ժամանակ նոր վարչապետի մասին որոշում կընդունվի», — բացատրեց Գոչունյանը։
Նա ավելացրեց, որ Թուրքիայում ներկա պահին քաղաքական ճգնաժամ չկա, և հավանաբար, կփոխվեն միայն որոշ ֆիգուրներ։
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետին, ապա Գոչունյանը կատակով նշեց, որ բոլոր երեք թեկնածուների անունները չի հիշում, սակայն նրանց բոլորի անունները սկսվում են «Բ» տառով։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին հայտարարեց, որ լքում է պաշտոնը, ընդ որում ընդգծեց, որ որոշումը կայացվել է «ոչ թե ընտրությունից, այլ անհրաժեշտությունից ելնելով»։
Դավութօղլուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Վերջին ժամանակներում նրա և Էրդողանի միջև տարաձայնություններ են առաջացել, որոնք, մասնավորապես, վերաբերում են, քրդական հարցի կարգավորմանը, կառավարության քաղաքականությունը քննադատող լրագրողների և հասարակության ներկայացուցիչների ձերբակալմանը։