ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Վերջին շրջանում Փայլանը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչպես նաև խորհրդարանում ֆիզիկական հարձակման ենթարկվել` Ցեղասպանության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իր ունեցած դիրքորոշման պատճառով: Այս մասին գրում է Asbarez-ը։
Դեսպան Բասին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ նույնպիսի իրավիճակ էր ստեղծվել նաև «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի շուրջ: Նախքան 2007թ.-ին տեղի ունեցած սպանությունը՝ ANCA-ն բազմիցս դիմել է Թուրքիայում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպանին` պահանջելով ապահովել պարբերաբար սպառնալիքներ ստացող հայազգի խմբագրի անվտանգությունը:
«Ցավոք, այդ կոչերն անտեսվեցին, իսկ Դինքի վերաբերյալ պաշտպանական խոսքեր հնչեցին միայն նրա սպանությունից հետո: Ուստի այս ողբերգական օրինակն ունենալով` պետք է գիտակցեք, որ այժմ ճիշտ ժամանակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունն անհապաղ և հրապարակայնորեն բարձրաձայնի Կարո Փայլանի անվտանգության ապահովման հարցն ու դատապարտի նրա դեմ թշնամանական վարք դրսևորողներին»,- իր նամակում գրել է Համբարյանը:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։