ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի- Sputnik. Շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան հիացմունքով նշել է, որ ուրախ է գտնվել նման հին ու միաժամանակ երիտասարդ ավյունով քաղաքում, որն ունի ջազային հրաշալի անվանդույթներ և սիրով լսում է ջազ:
Թանգարանում շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
Թանգարան այցելելուց և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպումից հետո երաժիշտը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
«Պարոն քաղաքապետ, շնորհակալություն նման ջերմ ընդունելության համար: Իսկապես մեծ պատիվ է… Իսկական անակնկալ էր ինձ համար… Ռիչարդ ԲՈՆԱՆՅԱՆ»,- ստորագրել է Բոնան:
Ռիչարդ Բոնան համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի բասիստ է։ Երկար տարիներ շարունակ աշխատել է ջազի հսկաների հետ, որոնցից են Մայք Ստեռնը, Չիկ Կորիան, Լարի Կորայելն ու ուրիշները։
Երևանում Բոնան ելույթ կունենա հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի և այլ երաժիշտների հետ։