ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Եվրատեսիլյան բեմում մայիսի 10-ին և 14-ին Իվետա Մուկուչյանի հետ ելույթ կունենան երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը և «LoveWave» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր միասին կստեղծեն երգչախմբի տպավորություն: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեուստաընկերությունը:
Լիլիթ Նավասարդյանը, անդրադառնալով բեք-վոկալների ընտրման գործընթացին, նշում է, որ բավական դժվար ընտրություն է իրականացվել, քանի որ երգում մի քանի բարդ հատվածներ կան, որոնց կատարումը երգիչներից քչերին էր տրվում:
«Մեծ դժվարությամբ հավաքել ենք այս 5 աղջիկներին, ովքեր օժտված են շատ լավ ձայնային տվյալներով՝ հարուստ ձայնով, ճիշտ տեմբրով: Իսկ իմ հայտնվելն այս երգում պայմանավորված էր այն հանգամանքով, որ երգի նախնական տարբերակը իմ ձայնով էր արված և բոլորիս ականջում նստած էր այդ տարբերակը»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր երգչուհիներին ընտրությանը մասնակցելու համար:
Մաշա Մնջոյանը միանգամից հավանել է «LoveWave» երգը, քանի որ այն իր կառուցվածքով և հնչողությամբ ստանդարտ չէ, նման չէ այլ երկրների կողմից ներկայացվող երգերին: «Իսկ ինչ վերաբերում է իմ ստացած զգացողություններին, ապա երաժշտական առումով պայքար եմ պատկերացնում… բարձունք, իսկ այդ բարձունքին ձգտում ենք բոլորս»,- նշում է Մաշա Մնջոյանը:
Անուշիկ Տեր- Ղուկասյանի հոգում խառնաշփոթ և շատ տարբեր, երբեմն նույնիսկ հակասական զգացողություններ է առաջացրել երգը:
«Հեռու-հեռու, իրականությունից կտրված կամ մաքսիմալ մոտ գտնվող աշխարհ է տանում այս երգը, որն իր ձեւով և ոճով միանշանակ տարբերվում է այլ երգերից: Այն վստահաբար կգնահատվի և՛ եվրատեսիլյան ժյուրիի, և՛ հեռուստադիտողների կողմից»,-նշում է Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Քրիստինա Մանգասարյանը երգն առաջին անգամ լսելիս ազատության և մեծ բաց տարածության տպավորություն է ստացել:
«Տիեզերքը մոտ և հեռու էր միաժամանակ, աննկարագրելի զգացողություն էր: Հույս ունեմ, որ երգը իսկապես հաջողություն կունենա մրցույթի շրջանակներում, համենայն դեպս մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- նշում է Քրիստինա Մանգասարյանը:
Սոնա Գյուլխասյանը յուրաքանչյուր անգամ երգը կատարելիս նոր զգացողություններ և էմոցիաներ է հայտնաբերում իր համար:
«Երգն իսկապես մեծ էներգետիկա ունի իր մեջ, որը եվրատեսիլյան բեմից առավելագույն կերպով կփորձենք փոխանցել մենք: Իսկ մեր էներգիան որևւէ մեկին չի շրջանցի»,- հավելում է Սոնա Գյուլխասյանը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետության ներկայացուցիչներ: