ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. «Ավրորա» մարդասիրական մրցույթի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին նախօրեին այցելեց Թումո կենտրոն:
Քլունին 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ միասին շրջեց կենտրոնում, լսեց պատանիների երաժշտական կատարումը և ուսանողների հետ մի քանի սելֆի արեց, հայտնեցին կենտրոնից:
Քլունին և 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախօրեին երեկոյան այցելեցին նաև Երևանի կոնյակի գործարան և հայկական լեգենդար «Արարատ» կոնյակի թանգարան:
Ջորջ Քլունին Հայաստանում է «Ավրորա» մարդասիրական մրցանակի հանձման արարողության առիթով: Նա ապրիլի 24-ին կհանձնի առաջին «Ավրորա» մրցանակը դափնեկրին:
Առաջին «Ավրորային» հավակնում են Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
««Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին»,- ասված է հաղորդագրությունում։
«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ որպես երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: