ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարում Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին:
«Մեկ ամիս առաջ ստացել էի ծանր վնասվածք: Մոտ մեկ շաբաթ նույնիսկ չէի կարողանում քայլել: Այդ պահին օլիմպիական երազանքը կարծես ավարտված էր ինձ համար: Շնորհակալություն Աստծուն, որ արդեն նվաճել եմ Ռիոյի ուղեգիրը»- գրել է մարզիկը ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ անհնարին ոչինչ չկա, երբ ունես երազանք: Պետք է միայն ամբողջ ուժով կռվել դրա համար ու երբեք չհանձնվել: «Հնարավոր է` քեզ մեկ քայլ է բաժանում հաջողությունից»:
«Հատուկ շնորհակալություն ընտանիքիս (միայն նրանք գիտեն, թե որքան բարդ էր ինձ համար), իրական ընկերներին ու երկրպագուներին՝ ինձ այս բարդ պահին աջակցելու համար: Ես իսկապես գնահատում եմ: Հուսով եմ` կուրախացնեմ ձեզ Ռիո-2016-ում»,- գրել է Ջուլֆալակյանը:
Արսեն Ջուլֆալակյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. չեմպիոն է: