ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով:
«Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
«Համոզված եմ, որ միասին կառուցելու ենք այն ծաղկուն ու ապահով երկիրը, որտեղ բոլորն ապրում և աշխատում են արժանապատիվ ու բարեկեցիկ»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: